Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ճանաչել իրականությունը

Ճանաչել իրականությունը
15.12.2017 | 00:24

Պատրա՞ստ եք բացել ձեր աչքերը և տեսնել իրականությունը` ինչպես կա։ Մի շտապեք «այո» ասել։ Դա ոչ միայն ցավոտ է, այլև վտանգավոր տեսողության համար, ու` ոչ միայն։ Օրինակ` պատկերացնու՞մ եք` ի՞նչ է դա նշանակում Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասի համար: Եթե նա «բացում է աչքերը» ու «տեսնում է իրականությունը»` Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք, այլևս ի՞նչ բանակցի Նեթանյահուի հետ։ ՈՒմի՞ց պահանջի Երուսաղեմի կեսը` իբրև Պաղեստինի մայրաքաղաք։ Բեթղեհե՞մը հռչակի մայրաքաղաք։ Իսկ պատմությու՞նը։ Իսկ այդքան զոհե՞րը։ Իսկ ազգային իղձե՞րը։ Աչքերը չի ուզում բացել և Իլհամ Ալիևը։

Ստամբուլում ԻՀԿ սամմիթում նա պնդեց՝ «ԱՄՆ իշխանությունները պետք է վերանայեն որոշումը», և ասաց` «Ադրբեջանն աջակցում է հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ երկու պետությունների գոյակցման սկզբունքի հիման վրա, պաղեստինյան պետության ստեղծման պայմանով, որի մայրաքաղաքը կլինի Արևելյան Երուսաղեմը»։ ՈՒ անկապ խոսեց Հայաստանի մասին, առաջին հայացքից` անկապ։ Եթե Դոնալդ Թրամփը երեկ «իրականությունը ճանաչելու» որոշում ընդունեց Երուսաղեմի հարցում, վաղը կարող է «աչքերը բացել» Ղարաբաղի հարցում ու «տեսնել» վաղուց գոյություն ունեցող պետությունը: Պատկերացնու՞մ եք ԱՄՆ դեսպանատուն Ստեփանակերտում։ Հետո` Ֆրանսիայի։ Մակրոնն էլ «վատ չի տեսնում»։ Գուցե` Իրանի (իր սահմանը չէ՞): Չի բացառվում` Իսրայելի (թեկուզ դեսպանի նստավայրը մնա Թբիլիսին)։ Կամ` Ավստրալիայի։ Ինչու՞ ոչ։ ԱՄՆ-ը «աչքերը բացեց» ևս մեկ փաստի վրա` Թրամփի վարչակազմը համաձայն է մինչև 2021-ը Ասադի մնալուն, միակ մտավախությունը, որ հետո նորից կառաջադրի թեկնածությունը ու… կընտրվի։ ՌԴ նախագահը ևս «բացեց աչքերը» ու տեսավ, որ Սիրիայում ԻՊ-ը ջախջախված է ու որոշեց զորքերը դուրս բերել։ Ոչ լրիվ, իհարկե։ Բայց մի քանի ժամում 3 երկրում` Սիրիա, Եգիպտոս, Թուրքիա, լինելով` ոչ մի տեղ չխոսեց Աստանայի գործընթացից, որտեղ ՌԴ-ից բացի Իրանն ու Թուրքիան էին բանակցություններում ներգրավված։ Նշանակու՞մ է, որ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համաձայնության են եկել Սիրիայի հարցում` խաղից դուրս թողնելով Իրանն ու Թուրքիան։ Պեսկովն էլ ասաց, որ Երուսաղեմի հարցում Ռուսաստանը համամիտ չէ Թուրքիայի տեսակետին։ ՄԱԿ-ի հովանու ներքո Ստաֆան դե Միստուրայի միջնորդական առաքելությունը Ժնևում դառնում է Սիրիայի հարցի քաղաքական լուծման հիմնական ձևաչա՞փ։ Ի՞նչ են փոխարենը ստանալու Անկարան ու Թեհրանը։ Նա՞վթ ու ճանապա՞րհ։ Այսինքն` Էրդողանի «սիրավեպը» Պուտինի հետ, որ սկսվեց, երբ լեզու չգտավ Վաշինգտոնի ու Բրյուսելի հետ, և ավարտվելու է, երբ Բրյուսելն ու Վաշինգտոնը «բացեն աչքերը» ու տեսնեն ՆԱՏՕ-ի իրենց դաշնակցին, և Պուտինը նրան օգտագործեց իր խաղում, ոչ թե Պուտինին Էրդողանը, որ նրան Անկարայում հուզված ասաց` «Սպասիբո՞»։ Իսկ Թեհրա՞նը։ Կրեմլը համաձայնե՞ց Սիրիայում Իրանի ազդեցության սահմանափակմանը` պատերազմից հետո իրանական զինուժի դուրսբերմանը, թե՞ հարցը կբանակցվի Պուտին-Ռոհանի շրջագծում։ Ի՞նչ արձագանք կունենա Իսրայելը: Բենիամին Նեթանյահուն Էրդողանից հետո երկրորդ ղեկավարն է, որ այդքան հանդիպել է Պուտինի հետ: Տարբեր հարցերով, նաև համոզելու, որ Իրանը Սիրիայում պատերազմից հետո անելիք չունի։ Նկատեցի՞ք, որ Արաբական պետությունների լիգան աղմկեց-աղմկեց, բայց ԱՄՆ-ի դեմ քայլ չարեց Երուսաղեմի պատճառով։ Աչքերը «բացվել էին»։ Իսկ ԻՀԿ-ն ընդամենը ճանաչեց Արևելյան Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք՝ կոչ անելով ճանաչել «Պաղեստինի Հանրապետությունը և Արևելյան Երուսաղեմը որպես բռնագրավված մայրաքաղաք»:


Իսկ Սերժ Սարգսյանը հայրենի իրականությունը «ճանաչեց» Դիլիջանում։ Երկար ու հակասական ելույթով։ Ոչ առանց հիմքի. փորձագետները Դիլիջանի ելույթն անվանեցին նախ ընտրարշավի սկիզբ, ապա` հաղորդում հանցագործության մասին։ Ինչու՞ էր համաժողովրդական (ինչ էլ հնչեղ բառ է) ընտրություններով Բաղրամյան 26 մտած ՀՀ վերջին նախագահը հեռանալուց 5 ամիս առաջ «բացում աչքերը» իրականության վրա։ Այն էլ ՏԻՄ մակարդակում։

Հավատու՞մ եք, որ Հայաստանի ՀՆԱ-ն առաջիկա տարիներին 10000 դոլարի կհասնի՝ մեկ շնչի համար, եթե հիմա 3000 է։ Եթե «առաջիկա տարիները» տևեն 100 տարի, այո։ Տնտեսագիտությունը չես բեկանի։ Գուցե առատության եղջյուրը գտնվել է ու բացվելու է Հայաստանի երկնքու՞մ։ Կամ` հայրենի օլիգարխներին հայրենասիրության անբուժելի վարակ է պատվաստվել, օֆշորներից ու արտասահմաններից վերադարձնելու են Հայաստանից հանված միլիարդները` վստահ, որ տանն էլ է հնարավոր փող աշխատել։ Վաճառելու են դրսի շարժական ու անշարժ գույքը և ներդրումներ են անելու Հայաստանում` միմյանց հետ մրցակցելով ոչ թե քվոտաների ու եկամուտների ստվերային բաշխման մեջ, այլ` ազատ շուկայում։ Բացի ամեն ինչից` այս հայտարարությունը նշանակում էր` կառավարության կազմը իսպառ փոխվելու է` այս կառավարությունը հիմքեր է դնում, մինչդեռ ազդարարված նպատակը թռիչք է պահանջում։ Ինչու՞ ՀՀ նախագահը փաստացի հայտարարեց, որ կենտրոնական իշխանությունը հրաժարվում է պահել ՏԻՄ-ին, եթե նրանց միջոցով էր ընտրվում։ Եթե Ընտրական օրենսգիրքը չփոխվի հերթական ընտրությունից առաջ (բոլոր գումարման խորհրդարանները նախընտրական տարում օրենսգիրքը բարեփոխել ու հարմարեցրել են իրենց, ավելի ճիշտ` քաղաքական մեծամասնությանը), և մնա համամասնական, խորքում մեծամասնական ռեյտինգային տարբերակը, ՏԻՄ-երը պետք չեն։ Փաստացի` ՏԻՄ-երը դրվում են ինքնաբավության ռեժիմում` իշխանության աչալուրջ վերահսկողության տակ։ Քաղաքական մեծամասնությունը երբեք ձեռքից բաց չի թողնի ՏԻՄ լծակը և միշտ էլ գյուղապետերը կլինեն իշխող կուսակցությունից: Կվերընտրվեն նաև նրանք, ում Սերժ Սարգսյանն ասում էր` տեղյակ ենք` ինչ եք արել հանրային ու պետական ռեսուրսը։ Տեղյակ են, ու նո՞ր են հասկացել, որ քրիստոնյա են` ներու՞մ են։ Եթե քրիստոնյա լինելն են հիշել, 10 պատվիրանները ո՞վ պիտի կատարի, «Մի գողացիրը» ու՞մ է վերաբերում։ Թե՞ 10 պատվիրաններն արդիականացվել են ու պատվիրանը դարձել է «Մի գողացիր այլևս»։ Բոլոր «աստվածավախները» կարող են հանգիստ ապրել` Դիլիջանում առաջին անգամ էր, բայց առաջին անգամ չէր, որ Սերժ Սարգսյանը սպառնում է պատժել ու հրամայում ազնիվ լինել։ Հիշելն ու հիշեցնելը իշխանության պարտքն ու պարտականությունն են, որ հպատակները չկորցնեն զգոնությունը և չմոռանան` որտեղ են ձմեռում խեցգետինները, կամ հայերեն` ինչու՞ է «խիարը թարս աճում»։ Սերժ Սարգսյանի ինչի՞ն է պետք նախընտրական արշավը, եթե նրա թիրախը Հանրապետության հրապարակն է, իսկ վարչապետին ԱԺ քաղաքական մեծամասնությունն է (նույն ինքը` Սերժ Սարգսյանը) նշանակելու։ Նրան պետք են համազգային պահանջարկ ու լեգիտիմություն։ Համայնքները մեծ գումարներ են ստանալու` ԵՄ-ից ու այլ կենտրոններից, բայց գումարները տնօրինելու են տնտեսական նախագծերի հատուկ ներկայացուցիչները։ Նրանց նշանակելու է տարածքային կառավարման նախարարությունը: Առարկություն չի եղել։ Նախագահը հայտարարել է, որ 1-2 խոշոր կազմակերպություններ են ստեղծվել և ֆերմերներից գնելու են արտադրանքն ու մեկ ապրանքանիշի տակ արտաքին շուկա են արտահանելու` էժան գնելու են, թանկ վաճառեն։

Առարկություն չի եղել։ Վարկերը տնօրինելու են «հատուկ ներկայացուցիչները», արտադրանքը գնելու են խոշոր ընկերությունները` ի՞նչ է մնում: Կոլտնտեսությունների վերականգնու՞մ, թե՞ գյուղատնտեսական պետական օլիգարխիա: Կա նաև դեկտեմբերի 9-ի ձյունապատ Դիլիջանի քաղաքական աստառը։ Սկսվում է «կանաչ խիարի» (մեղմ ասած` վարունգի) պատմությունը.
1. Եթե Ֆրանկոֆոնիայի դարակազմիկ համաժողովը Հայաստանում 2018-ի հոկտեմբերին անցկացնելը «երրորդ զանգի ժողովուրդ» հայերին չհուշեց ապագա վարչապետի անձը, դեկտեմբերի 9-ին Դիլիջանում Սերժ Սարգսյանն ասաց` ես չեմ հեռանում ու դուք մնում եք պատասխանատու ոչ թե ինչ-որ մեկի (ով գիտի` ու՞մ ու ինչքա՞ն ժամանակով), այլ` իմ առաջ։ Ես երբեք ոչինչ չեմ մոռանում ու չեմ ներում, եթե նույնիսկ ցույց չեմ տալիս` պահը կգա, կիմանաք։
2. Հայտարարությունն առաջին հերթին ուղղված է իշխանական բուրգին` ստորոտից գագաթ (հանրության կարծիքը առաջ ու հիմա չի կարևորվում)` դադարեցնելու սովորական խլրտումները, որ լինում են իշխանափոխության դեպքում։ Դիլիջանում ասվեց` իշխանափոխություն չի լինելու` հույսներդ կտրեք ու հանգստացեք։
3. Փաստացի իշխանական նոր բուրգի կառուցումը վաղուց սկսված է։ Վարչապետի անձից բացի հայտնի է պաշտպանության նախարարը` Վիգեն Սարգսյան։ Այլևս «դաշտային հրամանատարներ» ՊՆ-ում չեն լինի, դա լավագույնս կառավարելի միջավայր է ստեղծում Վիգեն Սարգսյանի համար: Նրա անձի շուրջ հանրային աղմուկը վկայությունն էր նշանավոր դամոկլյան սրի, որ ՀՀ նախագահները (հետայսու` վարչապետները) սիրում են կախել մերձավորների գլխին` ապահովության ու հավատարմության երաշխիք համարելով։ Հայտնի է նաև ԱԳ նախարարի անունը` Էդվարդ Նալբանդյան (համենայն դեպս` մինչև Ֆրանկոֆոնիայի նիստը)։ Տեղափոխությունների լուրերը բլեֆ են։ Այս օրերին բլեֆն աշխատում է։
4. Ժամանակն է, որ բոլորը, որ դեռ կարծում են` Սերժ Սարգսյանը դեյուրե իշխանությունից նախընտրելու է դեֆակտո իշխանությունը, դադարեն ջուր պղտորել ու շեղեն ազնիվ ՀՀԿ-ականներին, ԲՀԿ-ականներին, ՀՅԴ-ականներին ու մյուս «-ականներին» ճիշտ ճանապարհից: Անիմաստ է: Վտանգավոր ու պատժելի նրանց դեպքում, որ հանկարծ, թյուրիմացաբար, կարճատեսորեն խաղեր կտան։
5. Բացի Հայաստանի ներքաղաքական ճահճուտից, կա արտաքին աշխարհ: Բրյուսելում ստորագրված ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրից հետո Սերժ Սարգսյանը Արևմուտքում ևս լեգիտիմացրեց իր վարչապետությունը։ Միայն այդքանը։ Նրան ոչ ոք չի ազատի ստանձնած պարտավորություններից, որոնց դեմ պատիժ չկա, բայց կա լծակ` գործ չլինի` ներդրումներ չեն լինի, ուստի գոնե կոռուպցիայի դեմ պայքարի ու գործունեության տպավորություն պետք է ստեղծել։ Անհաշտ պայքարի, երբ չկան յուրայիններ, բոլորը հավասար են օրենքի առաջ։ Դիլիջանը այդ տպավորությունը ստեղծում է` հատկապես հեռու Բրյուսելում, որտեղ հավատում են խոսքերին` ստելու պատճառ չունենալով։
6. Հաջորդ ընտրությունները 2022-ին են, տնտեսության այս վիճակում, համակարգային կոռուպցիայի պայմաններում հնարավոր չէ նույն որակով ու մակարդակով կառավարումը ձգել` ռեսուրս չկա, ոչ մարդկային, ոչ նյութական։ Փոփոխություններն անխուսափելի են ու անհետաձգելի։ Դա չի նշանակում, որ համակարգը ինքնակատարելագործվելու ու ինքնամաքրվելու է, վերանալու է կոռուպցիան, հավասար պայմաններ են ստեղծվելու բիզնես դաշտում ու բարոյահոգեբանական մթնոլորտ է փոխվելու։ Երբ դանակը հասնում է ոսկորին, ստիպված ես աչքերդ բացել իրականության առաջ ու գործել, եթե ուզում ես իշխել։
7. Միշտ լինում է պատճառ, որ ենթակա չէ բարձրաձայնման, բայց հիմնականն է ու հետևանքների տեսակետից դրդապատճառ է։ 2022-ին կյանքը չի ավարտվում, նորից ընտրություններ են լինելու, ծագելու է իրավահաջորդի հարց` ընդդեմ իշխանափոխության։ Սա սովորական պատմություն է բոլոր երկրների համար, որ աշխարհը բաժանել է Արևմուտքի ու Արևելքի: Արևմուտքում ժողովրդավարության դարերը սովորեցրել են ընտրությանը վերաբերվել իբրև ընտրության։ Արևելքում ընտրությանը չեն ընտելացել (բազում երկրներում ընտրություններ չեն լինում) և համարում են իշխանությունը վերարտադրելու իրավական տարբերակ։ Մեր առաջին քայլը կողմնորոշվելն է` ի՞նչ ենք ուզում, երկրորդը` ինչի՞ ենք պատրաստ։ Քանի այս 2 հարցերը պատասխան չունեն, երրորդ` «Ի՞նչ ենք անում» հարցը ապրիորի ու անհող է։ Նույնիսկ մեր եռաչափ ու բազմանիստ երկրում։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. «Աչքերը բացելը» ֆիզիկական գործողություն չէ։ Նայել և չտեսնելը սովորական իրավիճակ է, երբ պատրաստ չես տեսածդ ընկալել։ Տեսնել և չգործելը հանցանք է։ Քաղաքականության մեջ` երրորդ զանգ, որից հետո սկսվող ներկայացումը քոնը չէ։

Դիտվել է՝ 3172

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ